Ազատություն

Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։

«Ազատությո՞ւն, ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։

Ազատությո՜ւն, գոչեցի,
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
Միքայել Նալբանդյան
Մեծ Տիգրան
Հնչեակ Ա.

Յաւէրժայաղթ անմեռ տիտան Հայկազեան ,
Հզօր արքայ` մեծ վեհապետ Ասիոյ .
Քանդակուած ես սերունդներու պատմութեան ,
Ով Մեծ Տիգրան տէր ու իշխան Ասիոյ :

Միհրդատ Մեծն` պարթև արքան« Թէոպաթոր ».
Պարտուեցաւ քո մեծ ուժէն սէգ տիտան ,
Մեծն Միհրդատ , որ զինք կոչէր «Նիքաթոր»,
Գետնահայեաց հազիւ փախաւ Պարսկաստան…:
Կ’արհամարհէր Հայոց Մեծ Տունն ինքնիշխան .
Աշխարհ մոռցած հին հին փառքերն Արմէնեան ,
Ու լեցուեցան Պարթև զօրքեր Հայաստան…

Ով Մեծ Արքայ , հզօր Աստուած երկրաւոր ,
Քեզ պաշտեցին բոլոր շուրջի արքաներ ,
Փառք քեզ Տիգրան` Թագաւորաց Թագաւոր :

Մեծ Տիգրան
Հնչեակ Բ.

Բայց այս չեղաւ դափնիներուդ առաջին ,
Որ ալ վերջին յաղթանակներն հայկական ,
Հզօր ազգեր հարաւէն քեզ կանչեցին
Ու տիրացար աշխարհներուն Սելևկեան :

Ենթարկեցիր հայ ուժերուն` Փիւնիկէն ,
Ասորեստանն ու համաօրէն Կիլիկեան ,
Հասար մինչև Երուսաղեմ յաղթօրէն ,
Վերադարձար հըպարտօրէն Հայաստան :

Քաջ Պոնտացւոց` եկաւ արքան Միհրդատ ,
Ու քեզ մատոյց դեռափթիթ Կլէոպատրան ,
Պաղատանքով, իրեն օգնես անընդհատ …

Դու խոստացար դաշնակցութիւնդ զօրաւոր .
Ու տիրացար Գամիրներու Աշխարհին ,
Կեցցես Տիգրան` Թագաւորաց Թագաւոր :

Մեծ Տիգրան
Հնչեակ Գ.

Չորս ծագերուն ծածանեցաւ Հայ դրօշ ,
Դու իշխեցիր հիւսիսային ազգերուն ,
Աղուանք ճանչցան հայուն փառքերն վեհանուշ ,
Փութացին Վիրք` քեզ պաշտելու եռանդուն…

Գոռաց ընդմիշտ հայ զենքերու շկահիւմ ,
Չորս արքաներ հետևեցան քու երթին ,
Դու յաղթական համակ արիւն և աւիւն
Հասար մինչև Մարաստանի մեծ երկրին…

Ով գրասէր ու արուեստից ախոյեան ,
Քու հրամանաւ պաշպանուեցաւ մի տաղանդ ,
Նախնեաց ծանօթ Ամփիգրադէս փիլիսոփան…:

Դու պիտի մընաս Հայոց Մեծաց փառաւոր ,
Դու պիտի մընաս Յաւէրժայաղթն Հայ ազգին ,
Դու յար կոչուիս Թագաւորաց Թագաւոր :

Մեծ Տիգրան
Հնչեակ Դ.

Քու զօրութիւնդ սարսափ ազդեց Հռովմին ,
Ծերակոյտին կարդաց հըրաւէր Կիկերոն ,
«Ոյք են սոքա » գոռացիր դու անձնկագին ,
Անարգելով Լուկուլլոսի մեծ լէգէոն…

Քաջ Պոմպէոսն մեծ բանակով սպառազէն ,
Մոլի խինդով յարձակեցաւ Հայաստան ,
Նոր նոր գունդեր եկան հասան Հըռովմէն
Որ բեկանէր ահեղ ուժերգ սէգ Տիտան…

Քո մեծ ուժէն պարտուեցաւ չարաչար ,
Լուկուլլոսն իսկ` հազիւ տարին բոլորած ,
Մեծ ամօթով Հըռովմ փախաւ խելահար…:

Եկաւ Պոմպէոսն քաջամարտիկ փառաւոր ,
Բայց առանձին նա չի հասաւ իր փառքին ,
Ով տարաբախտ Թագաւորաց Թագաւոր…:

Մեծ Տիգրան
Հնչեակ Ե.

Ալ բաւ էին դափնիներուդ շարաններ ,
Յաղթանակներդ չորս ծագերուն գոռացին ,
Սիլլայէն վերջ Պոմպէոսին բանակներ ,
Երրորդ փորձն էր յաղթահարուած Հըռովմին…

Հաշտուեցաւ Հռոմի հըսկան Պոմպէոս ,
Ճանչցաւ արժէքդ ու քեզ յարգեց անսասան ,
Եղաւ խոնարհ ու ամէն տեղ բարեխօս
Քեզ միշտ ճանչցաւ քաջ վեհապետ ու Տիտան…

Դու իշխեցիր մինչև կասպեանք հեռաւոր .
Յաղթանակներդ չորս ծագերուն գոռացին ,
Ու պատմութիւնն բացաւ քեզի մի էջ նոր…

Թող օրհնուի մօրդ արգանդ յաւիտեան ,
Վեհ անունդ քանդակուի հայ սրտերուն ,
Ով Մեծ Տիգրան` Թագաւորաց Թագաւոր :

Մեծ Տիգրան
Հնչեակ Զ.

Հայը տեսաւ ու հիացաւ քեզ, Տիգրան ,
Երկար դարեր քու անունով Ան պանծաց ,
Պիտ պաշտուիս ու պիտ սիրուիս յաւիտեան ,
Հզօր Տիգրան, Տէր ու Տիտան Դիւցազանց :

Ստրաբոն Ապիոն ու Կիկերոն, Պլուտարքոս ,
Քեզ կոչեցին Հզօր Արքայ ահաւոր _ ,
Զօրավարներ` Լուկուլլոս ու Պոմպէոս ,
Քեզի ճանչցան Թագաւորաց Թագաւոր … .

Հին Արևելք ու համակ ողջ Ասիան ,
Բոլոր ազգերն ու Թագւորներ քու օրուան ,
Քեզ կոչեցին Արքաներու Մեծ արքան _ …

Դու Մեծ Դիւցազն Հայ անցեալին փառաւոր ,
Մեծագոյն Անձն Տիեզերքին Հայութեան ,
Փառք քեզ Տիգրան, Թագաւորաց Թագաւոր :
Նուպար Մագսուտեան.
Իմ Սուրբը

Ծանր հիվանդ, ջերմ ու տապով պառկած էի անկողնում,
Շուրթս ճաքած, լեզուս տոչոր, կոկորդս էր չորանում,
Մեձավանջում տեսնում էի տեսարաններ սարսափի,
Որոնց ահից հևում էի, կենաց-մահու սահմանում:

Քուն ու արթուն տեսիլքի մէջ, իմ սնարի վերևում
Կանգնեց խաղաղ մի ուրվական, իմ կիսամութ սենյակում,
Տաք սավանս շարժվեց մի պահ այդ շարժումից անցողիկ,
Մեղմ ու թախծոտ շշուկ հնչեց իմ կիսաքուն ականջում:

Գլխիս ցավից տամկած ու փակ աչքս հազիվ բաց արած
Տեսա մորս գլխիս վերև, լացող աչքը վեր հառած,
Ճերմակ ձեռքերը չոր կրծքին, ցածը ձայնով կերկերուն,
Իր զավակի կյանք էր խնդրում, աղոթելով առ Աստված…

Խանձված ու չոր կրծքիս խորքից ասի մորս կիսաձայն’
-Ցավիս վերա ցավ ես դնում , մղկտոցով քո անձայն:
Աղոթքդ ինձ սովորեցրու քեզ աղոթեմ, իմ Աստված,
Որ սփոփեմ քո տագնապած, ցաված սիրտդ, նան, իմ նան:

Դատարկ երկնին աղոթք պետք չէ, իմ արարիչ, անուշ Մայր,
Թող դառնամ քուրմ քո սրբության ու աղոթեմ քեզ համար,
Բացի քեզանից, քո պատկերից չեմ պաշտելու ոչ մի սուրբ,
Քանզի տեսա իմ նեղ օրին դու ես ցավում ինձ համար:
Հովել Հովասափյան
Կարօտը
Եւ եղաւ անխուսափելին…
Բաժանում …լքում…
Կսկծալի գաղափար, դառնագին իրականութիւն…
Ինչպէս ապրել, շնչել, գործել, գալարւելով կարոտի
Սուր ճիրաններում…

Պայթիր սիրտ իմ, բաւէ, տանջես …
Չէ որ այլեւս ոչ սէր կայ, ոչ յոյս, ոչ հաւատ …
Չէ որ նոր արշալոյս չի ծագելու հոգուս մէջ :
Չէ որ ամայութիւն է տիրում շուրջս ու մէջս …
Ո’չ երազ, ո’չ փափագ եւ ո’չ սպասում …
Օրերը’ մռայլ ժամերը’ ցնցող …
Կարօտն է , որ կրծում է կուրծքս թունաւոր օձի նման ,
Առանց յագենալու …
Էմիլ
Հայաստան
Արեւի տակ դու ինձ համար նւիրական լուսէ անուն,
Ինչքան քեզանից հեռանում եմ’ քո սէրն այնքան խոր է դառնում:

Ուր էլ լինեմ’ մտերմաբար խօսում ես դու իմ հոգու հետ,
Յաւերժափառ քո դիւթանքով ինձ կանչում ես, կանչում ես ետ:

Ինձ կանչում է Երեւան, քաղաքամայրը նորակերտ,
Ու իմ կեանքի ընկերուհին ուրախ շրջում է մանկանս հետ:

Ու Արագածն է յար նայում գերւած եղբայր Արարատին,
Ու բարձրանում է վեհօրէն հայոց բախտի կանաչ բարգին:

Աղբիւր, առու, ծաղիկ ու ծիլ ծառակամար Աբովեանից,
Զանգւի ձորից, մեր հին Նորքից քնքուշ ձայնով կանրում են ինձ:

Ինձ կանչում են դաշտերը մեր, լեռները մեր ոսկեմշուշ,
Ինձ կանչում է մայրս պառաւ’ ամէն բանից թանկ ու անուշ:

Երփներանգ է Հայրենիքն իմ, հզօրազօր, մեծ ու անծայր,
Նրա գրկում շողում ես դու, շքեղութեամբ վեհ ու պայծառ:

Սարմէն
Անմեղ Աչքերին

Դու անմեղ ես, քո աչքերն են մեղաւոր…
Իմ հոգու հետ դու խաղում ես ամէն օր,
Յոյս ես տալիս քո հայեացքով ամենուն,
Մէկ կանչում ես, մէկ էլ փախչուն մոլորուն…
Դու անմեղ ես, քո աչերն են մեղաւոր:

Բայց հայեացքդ անմխիթար հայեացքիս
Յոյս է տալիս, ես ինչ անեմ վիրաւոր:
Քեզ անիծեմ, բայց ինչպէսի անէծքով…
Դու անմեղ ես, չէ աչերդ են մեղաւոր:
Դու անմեղ ես, չէ աչերդ են մեղաւոր…

Լաւ չգիտեմ, արցունք չունեմ ես բնաւ:
Մահն ինձ համար մի հանգիստ է ցանկալի:
Էս աշխարհում ոչ մի բան ինձ չըյաղթեց’
Վախենում եմ որ քո սէրն ինձ տապալի…
Դու անմեղ ես, քո աչերն են մեղաւոր…

Վահան Տէրեան
Ձոն Հայուհուն

Բողբոջած գարնան շռայլ բնության թարմ ծաղիկներով մի փունջ կապեցի,
Որ քո մարմարյա կուրծքը զարդարեմ, չքնաղ հայուհի:
Քո հմայքի դեմ փունջս խամրեցավ ու գունաթափվեց:
Ես ծաղիկներս’ հազար գույն ու բույր ճամփիդ փռեցի,
Որ դու նազանքով քայլես սիգաճեմ նրանց վրայով, քո ողջ հմայքով:
Ինչպէս գովերգեմ, կամ ինչ պարգևեմ քեզ, գեղեցկության ու սիրո աստված,
Քո շքեղության քերին են բոլոր գովքեր ու ընծա,
Եվ դրա համար մայր բնությունը օժտել է քեզ մայր,
Որ քո գոյությամբ հրաշք կատարես, մարդուն արարես:
Լույս մանկիկը քո արգանդից ծնված’
Ամեն ինչից թանկ, ամենաշքեղ զարդն է քեզ համար,
Ոգուդ ու սրտիդ խինդ ու խայտանքը և անգին թագը կոչումիդ համար:
Ես խոնարհաբար փառաբանում եմ վեհությունը քո,
Ոչ որպէս մի սուրբ, կամ մի թագուհի և կամ տիրամայր,
Այլ գեղեցիկ կին, երկրային աստված և կաթոգին մայր,
Որից սրբագույնն արար-աշխարհում չկա ինձ համար:
Հովել Հովասափյան
Արեւն է Իշխում Ճակտին Տաճարի

Ճերմակ զգեստով, ճաղատ գանգերով ,
   Քրմապետները դէմքերով խոժոռ ,
Փառաբանելով` ծնող բնութեան ,
   Արեւի ոյժի հմայքը խոշոր ,
Ատրուշանների մշտաբորբ քուրում
   Պահելով անբիծ կրակն անմեռ ,
Պահեցին անշեղ եւ հայ անցեալի
   Հեթանոս գրկում , հին երգերը մեր :
=====
   Հայի լեռներում ծնւեցին Մեծեր ,
Հզօր աստւածներ` ահեղ Արամազդ ,
   Անահիտ դժխոյ ,Վահագն` հրածին ,
Աստղիկ կենսատու… պահեր բարեբաստ…
   Եւ մեհանների փարթամ , հոյակապ ,
Կուռ ու սիւնազարդ կառուցւածքում բարդ
  Եւ ոսկեծածկ բագինի առջեւ
Նաիրցին զոհեց իր խոյը պարարտ :
   Սակայն հրդեհւած մխում է Տիրը
Ու մատեաններից չի մնում ոչինի ,
   Ու այդ բիրդ , վայրագ , բարբարոս վարքին
   Հեգնում է հուրը իր լազաւարթից ջինջ…
Ու… ճաճանչներում դարերը գրկած
   Այն ինչ վեհ դէմք է մեր դիմաց կանգնած ,
Այն ինչ ծերուկ է վարսով ձիւնածածկ ,
   Որ մեհեանների հրդեհից ելած ,
Հսկայ , մեծարի ու բազմախորհուրդ ,
   Նոր Տաճարների կամարների տակ
Մտքի սրաթեւ , խօլական վազքով
   Հիւսում է ցեղին անմահ յիշատակ :
Խնկի , կենդրուկի ու բիւրաբիւրեան
   Խնկանոցից բիրտ , ստեղծում բուրվառ ,
Կրակով անշէջ , խնկով ` թովչալի ,
   Բոյրով ` երկնառաք ու դարեր անմար :
Այն ինչ գծեր են , որոնք աստղի պէս ,
   Արեգակի մէջ տաճարի ճակտին ,
Այդպէս կենսաշող պսպղում են վէս
   Ու շոյում եսը հայ մշակոյթին…
Նահապետը ծեր պարթեւ հասակով
   Եւ երկնապարգեւ Սահակն է Պարթեւ ,
Որ ճաճանչներում արեգակնածին
   Պիտ շողայ դէմքը միշտ ու յարատեւ ,
Գծերը շող – շող` Մեսրոբեան գիրն է`
   Հայ յուզումների ոգին պահապան ,
Իր պարծանքների , տառապանքների
  Դպիրն աննենգ ու լուսեղ ճամփան :
Իսկ այդ Տաճարի բարձր կամարների ,
   Խնկւած նիշերում դողում են դարեր ,
Մեծ Շնորհալու շարակաների
   Մեղեդիները` խոր ու բազմերեր…
…Եւ այսպէս անվերջ , չկայ ժամանակ ,
  Չկայ եղանակ , չկայ սահմանում ,
Ձեւերը տարբեր , յոյզերը միշտ նոյն .
   Նորը հնանում , հինը նորանում ,
Հինն ու նորը միմեանց են գգւում
   Եւ խորին խորքում իրար նմանում :
Թէ հինը Նաիրում , թէ Ուրարտում վէս ,
   Թէ Հայստանի կրծքում բարձրաբերձ
Դարեր շարունակ հայի հոգին է
   Միշտ էլ սաւառնել , հպարտ նենգազերծ ,
Լինի հեթանոա , լինի կռապաշտ
   Թէ քրիստոնեայ` մեղմ ու անարի ,
Նորից զանգերն են հնչում վերեւից ,
   Արեւն է իշխում ճակտին տաճարի :
Մեսրոբեան գրով կրթում սերունդներ ,
   Շրջաններ երկար , անփառք , ահաւոր…
Բայց միշտ էլ անյախթ ,հպարտ երազով
   Հիւսում է ցեղին Մշակոյթի օր :
Ցանուցիր եկան … չարերի ոյժից ,
   Դժբախտ , տարագիր աշխարհում սփիւռ ,
Բայց էլի հայի թափուր տաւիղին
   Գալիս բախւում են հողմեր ու զեփիւռ ,
   Ու իր տաւիղը երգում է մի երգ
Արի ու հպարտ , վեհ ու խնդագին`
   Փարել միացած հայ մշակոյթի
Կանգուն սիւներին , սպասել Ծէգին …
14 Հոկտ. 1933     Ա . Արիազն
Նաւթանուշ – Նահիդ

Իրան դու լո`յս Նաւթանուշ Նահի ~դ ,
Լորդ , եանկի , մուսեօ` քանց թիթեռ` փարում ,
Քան թիթեռ , մժեղ , փարելով գահիդ ,
Բորբոքւում են խենթ ու շուրջդ պարում ,
Բոցաշունչ ես դու , Որիմազդ դստրիկ ,
Քո սէրը` հրդեհ` սրտերի մըրրիկ :

Դու փայլ ես ցայտում Իրանի բախտին ,
Լուսաբուխ աղբիւր բիւր հազար բարեաց ,
Մերթ մուխ ես փռում Իրանցու ճակտին ,
Միշտ պատճառ այլոց նախանձի , չարեաց :
Սիրտ ունիս անծիր երկնային կամար`
Լի լուսին աստղեր` վառվելու համար :

Երեսով թէկուզ դու մի սեւ խափշիկ ,
Բայց ով չի պաշտում քեզ` Լէյլա~- ջադու .
Համբուրում են ողջ քո մրոտ մաշիկ ,
Աթոմիք է թունդ պատգամ ազդու
Քո ծուխը քանց բոյր Շիրազի ծաղկանց ,
Դու ցոլք ես լցնում գրպանը մարդկանց :

Թէ քիչ էլ քնես Իրանի սրտում –
Ուր պալատ կայ պերճ կը լինի մահիճ ,
Կը մարեն ամեն ջահերը տրտում ,
Եւ խնջոյքն արբշիռ կը դառնայ ճահիճ :
Սի`րտ , ահիւ , շարժա`կ թափ առնում քեզնից ,
Ու դու ես վարում նաւերը երկնից :

Քո սրտում անթեղ Զարդուշտի ոգին ,
Դիցուհիդ Արեաց . դու` Նահիդ անճառ ,
Ներշնչում ես դու մեր դարու մոգին ,
Արծարծում դիւան եւ ամեն կաճառ :
Դու կուռք ես մի վա~ռ ու քեզ լորդն օրհնում ,
Եւ եանկին դոլար իր սիրտն է ձօնում :

Իր հոգին բաշխեց քեզ Միհրը հրակ ,
Բռնկում ես դու , խնդալով շողում ,
Մինչ փայլ ես դառնում ու կեանքի կրակ ,
Ահրիմանն ահեղ իր որջն է սողում :
Ֆերդովսին էր պէտք անհատնում շնչով`
Նաւթնամէդ պատմէր իր հզօր գրչով …
Թեհրան       ԵՂ. Հայպետ
Մի` Արտասւիր

Մի` արտասւիր մո’մ , խեղճ ու ան ճարակ,
Ես էլ եմ վառւում անդադար քեզ պէս .
Ես էլ եմ հալւում , ես էլ եմ մաշւում
Սակայն անարցունք ,
Ես էլ եմ հալւում , ես էլ եմ մաշւում
Առանց լաց ու սուգ :

Արտասուքներդ մի`թափիր այդպէս ,
Մի` ցոյց տուր մարդկանց ցաւը քո ներքին ,
Ասա` ինձ դու մո’մ , այդ ով է , այդ ով
Որ հոգսեր չունի ,
Եղ’իր դու տոկուն ու պահիր քո մէջ
Ցաւը քո ներքին :
Ռիմա Գառօնէ
Թէ Եւ Ծառ Եմ Չոր

Դժգոհ չեմ , որ մի ծառ եմ չորացած
Ու չունեմ տերեւ ,
Մերկ եմ , չի զգայ անցորդը յոգնած
Սօսափիւնը իմ իր գխավերեւ ,
Եւ էլ չի` շինի թռչնական իր բոյնը
Ճղներիս վրայ :

Չոր եմ , անպտուղ , օ~, չունի օգուտ
Չարչարւել , տանջւել աճմանս վրայ :
Սակայն դժգոհ չեմ , հպարտ եմ նորից ,
Որ ճարճատիւնս , վառարանի մէջ ,
Պիտի տաքացնի խղճուկ խրճիթներ .
Քաղցր է կեանքը դեռ`
Երբ այրւելովն իմ պիտի տաքանան
Ցրտահար սրտեր :
Ռիմա Գառօնէ
Անմահութիւն

Տարիները ես անցկացրի համր ու տրտում .
Ու չնայած քեզանից հեռու ,
Պահեցի քեզ անմար ու վառ
Միշտ իմ սրտում ;

Բաժանւեցինք երբ գարունը լցրել էր իր
Վառ բուրմունքը ամէն մի տուն .
Երբ ամեն տեղ կեանքն էր ծաղկում ,
Ու ծաղիկներն նայում էին մեզ միշտ ժպտուն :

Ես մաշեցի հոգին իմ պարզ
Ժամանակի բիրտ զարկի տակ :
Ու փնտռեցի հեռուներում ստւերը քո
Մեն ու մենակ :

Դու գնացիր գիրկդ առած
Ամբողջ կեանքն ու ապագան իմ .
Անջատումը մեր դժւար էր ,
Գիտես ինքդ , ի’մ մտերիմ :

Ու կանգ առաւ կեանքս մի պահ .
Ես չզգացի էլ ոչ մի բոյր այս աշխարհի …
Երբ չգտայ իմ կողքին քեզ ,
Որոնեցի երկինքներում գուցը գտնեմ
Ապագայի իմ աստղը վէս :

Ու ես գտայ հիմի գիտեմ ,
Որ առանց քեզ , ես կարող եմ
Ապրել յաւէտ , մարդկանց անմեղ վառ սրտերում ,
Վերուց հասած շնորհովն իմ
Ես պիտ ապրեմ յաւէտ անմահ
Այս աշխարհում :
Ռիմա Գառօնէ
Ճամբավերջի Այս Օրում …

Քանյ~ գեհեն սրտերից ,
Հոգիներից մահահոտ ,
Ազատել եմ ինքս ինձ
Լոկ յոյսերովն իմ աղօտ :

Ամեն ծնւող բողբոջի
Ծաղկումով եմ խնդացել ,
Ունկս կեանքի ղօղանջին`
Համբերել եմ ու սիրել :

Կեանքին նայել եմ խոհուն ,
Իմաստութեան աչքերով ,
Եւ փոթորկուն այդ ծովում`
Թիավարել երգերով :

Ճամբավերջին այս օրում ,
Օ~, կուզէի ես հիմա ,
Որ ամբարիշտ աշխարհում
Ինձնից տրտունջ չմնայ …
Արամ Գառօնէ
Ինչու

Հոգուս երկինքը ամպոտ է այնպէս ,
Որ ոչ մէկ աստղի շող չի ցոլանայ
Արդէն վերահաս իմ մութ գիշերի
Արահետներում…

Ա~խ , ինչու , ինչու այսպէս վերջացաւ …
Հիմա այս մթին , ցուրտ ճամբաներով
Էլ ինչպէս քայլել , դէպի ուր երթալ
Պղտոր աչքերով …
Արամ Գառօնէ
Տաղ ուրախութեան

Ո’վ եղբարք , նստեալ էք ծաղկեալ ծառի
Ձեռքերնիդ է գինի կարմիր ու յստակ ,
Գինւոյ մէջն անկանի ծաղիկ սպիտակ .
Խմենք եղբա`րք , գինի , մեզ անոյշ լինի .
Անէ`ծք , խմենք գինի , բանն Աստւած շինի :

Վաղիւն ո`չ գիտենք , թէ զինչ ծնանի .
Մարդուս կեանքը վայրի ծաղկի նմանի ,
Որ այսօր բացուել է , վաղիւըն անցանի ,
Խմենք եղբա’րք , գինի , մեզ անոյշ լինի .
Անէ’ծք , խմենք գինի , բանն Աստւած շինի :

Առէք կարմիր գինի ու լցէ’ք շուշով ,
Բերէք թազա գառն սինի սարփուշով ,
Ղափլի փլաւ ձգէք մեխակով , նուշով .
Խմենք եղբա’րք , գինի , մեզ անոյշ լինի .
Անէ’ծք , խմենք գինի , բանն Աստւած շինի :

Թող չիման տեղ նստինք , ջուր լինի եւ խոտ ,
Կարմիր գինի խմենք մէկզմէկի մօտ ,
Միմեանց նուիրենք վարդ անուշահոտ .
Խմենք եղբա’րք , գինի , մեզ անոյշ լինի .
Անէ’ծք , խմենք գինի , բանն Աստւած շինի :
Նաղաշ Յովնաթան
Տղամարդ ու Կինը
_Տղամարդը ունի աւելի լաւ ֆիզիքական կազմ քան կինը:
_Տղամարդը աւելի շուտ է ծերանում քան կինը:
_Տղամարդը ու կինը ունեն նոյն ընդունակութիւնները:
_Տղամարդու մէջ պայծառատեսութիւնը աւելի թոյլ է, քան կնոջ մէջ:
_Տղամարդը աւելի քիչ է ենթակայ ջղային տագնապների, քան կինը:
_Նիւթական դժւարութիւններից ու հոգեկան տառապանքներից տղամարդը աւելի է հակամէտ լինում ինքնասպանութիւն գործելու, քան կինը:
_Տղամարդը աւելի քիչ է ուշադրութիւն դարձնում լաւ հագնւելու վրայ, քան կինը:
_Տղամարդը աւելի պակաս զգայուն է ու ենթակայ յուզմունքի, քան կինը:
քաղւածքներ Selection du Reader’s Diegst-ից, Յունիս, 1952 Թ.
Թարգմ. Աշոտ Մինասեան
Գազելներ Հաֆեզից
( 1 )
Երկնքի մով արտը եւ` նորալուսնի-
Մտածեցի` ինչ եմ ցանել եւ իմ հունձը ինչ կը լինի .

Ասի` ո’վ բախտ, քնած էիր, արեւն ելաւ, ես չիմացայ .
Ասաց` անցնող կեանքի համար անհոգ եղիր - կե’րթայ, կանցնի.

Եթէ գնաս մէն ու մենակ եւ մաքրասիրտ, որպէս Մեսիան ,
Քո ճրագից արեգակին հարիւրակնեան լոյս կը հասնի .

Յոյս մի` կապիր բախտի պատիր աստղի վրայ - այդ խաբեբան
Արքաների թագը խլեց , իշխաններից` սուր ու գօտի .

Գոհարազարդ գինդը անշուշտ շուք է տալիս ականջներին –
Լաւ օրերը վաղանցուկ են – լսիր խրատն իմաստունի .

Աչքով չտանք , դեմքիդ խալը գողեցկութեան ասպարիզում
Մրցանակ է Շահում հանդէպ արեգակի եւ լուսնեակի .

Երկինք , այդքան մի` պարծենար քո վեհութեամբ…սիրոյ դիմաց
Քո Լուսնեակը մի գարի է , բազմաստեղքը` երկու գարի .

Կեղծ ճգնութեան կրակն կ’այրի մեր հաւատքի բերքն ու կալը ,
Հաֆե’զ , դէն դիր բրդէ քուրձդ – անցիր գնայ հեզ ու բարի :
( 2 )
Ո’վ զով զեփիւռ , եթէ անցնես Արաքս գետի ափերով ,
Համբոյրս տուր նրա հովտին բուրումնաւէտ , հոգեթով .

Այնտեղ Սալմի իջեւանում – մեզնից նրան բիւր ողջոյն –
Դու կը տեսնես կարաւանը զանգակների ղօղանջով .

Համբոյրս տուր իմ հոգեակի պատգարակին եւ ասա`
Հասիր շուտով ինձ օգնութեան , վառւում եմ քո կարօտով .

Ես , որ բարի խորհուրդներին ուշք չդարձրի , շատ իզո~ւր ,
Պատժւեցի անջատումի դառնաթախիծ կսկիծով .

Գիշերային խրախճանքում գինի խմիր աներկիւղ –
Գիշերապահն անծանօթ չէ , տեղ կը հասնես ապահով .

Սիրտ իմ , սէրը անմիտ խաղ չէ… անսուտ սիրոյ խաղի մէջ
Չի կարելի խաղագունդը զարկել կրքի չովգանով ,

Սիրտդ սիրով ձօնիր գինուն , հոգիդ` չքնաղ աչքերին ,
Բայց իմացիր , ուշիմ մարդիկ չեն նւաճւում ոչ մէկով .

Թութակները վայելում են շաքարեղէգ քաղցրահամ ,
Իսկ տխրամած խղճուկ ճանճը գլխին խփում է թաթով .

Թէ վեհափառ արքան հաճի մտաբերել Հաֆեզին`
Արդէն իղձս կը կատարւի այդ գերազանց շնորհով :
( 3 )
Այն մտքերին եմ , որ եթէ իմ ձեռքից գայ ,
Մի բան անեմ` դարդը սրտից դուրս գնայ .

Սիրտը երկու մրցակիցի տեղը չէ –
Դեւը ելին` հրեշտակը ներս կ’երթայ .

Իշխանների զրուցը մութ գիշեր է , -
Լոյսն արեւից խնդրիր , գուցէ նա քեզ տայ .

Ճամբորդ տեսնես` աղերսանքից մի` քաշւիր ,
Խորհուրդ հարցրու – գանձի ճանբան ցոյց կը տայ .

Չարն ու բարին իրենց բերքը ցոյց տւին –
Տեսնենք որը հաւանութիւն կըստանայ .

Դու , սիրահար սիրուն սոխակ , կեանք խնդրիր –
Այգին նորից կը կանչի , վարդ կը տայ .

Հաֆե’զ , անփոյթ գտնւեցիր… ինչ զարմանք –
Ով գինետուն մտնի` անգէտ դուրս կը գայ :
( 4 )
Աղօթելիս քո յօնքերի կամարները յիշեցի –
Յանկարծ կարծես մեհրաբի մէջ մի աղաղակ լսեցի .

Հիմի ինձնից մի` սպասիր համբերութիւն , ուշ ու միտք –
Այն կորովը , որ տեսել ես , արդէն ձեռքից տւեցի .

Գինին պարզեց . գարուն եկաւ . արդէն ձեռքից տւեցի .
Ժամանակ հասել է սիրոյ . ժամանակ է եւ գործի :

Կարմիր վարդը բերկրանք բերեց . քամին ուրախ է սուրում .
Մեր աշխարհի անցուդարձից բարեբախտ բոյր զգացի .

Ո’վ արւեստի նորահարուստ , մի`դժգոհիր քո բախտից ,
Փսան եկաւ – ե’լ , զարդարիր առագաստը գեղանի .

Ծառ ու ծաղիկ զարդարւել են , զուգւել գառնան հանդեսին ,
Մեր սիրելին երկնապարգեւ տեսքով եկաւ մեզ այցի .

Բեռան տակ են պտուղներով ծանրաբեռնւած ծառերը .
Ի~նչ ուրախ է սիրուն նոճին , որ հոգսերի գերի չէ .

Երգի’չ , երգիր մեզ Հաֆեզի գազելներից մի լաւ երգ ,
Որ ասեմ քեզ` իմ երգելու ժամանակը յիշեցի :
( 5 )
Բարձր նոճու կիւղի վրայ մի սոխակ է եղել թառ .
Դայլայլում է` թող իմ վարդից հեռու լինի աչքը չար :

Ո~վ սիրուն վարդ , դու թագուհի գեղեցկութեան – յանուն այդքան
Բարձր կոչման – դու մի փքւիր սոխակի մօտ սիրահար .

Ես անջատման տառապանքից չեմ գանգատւում . թէ չլինէր
Անջատումը , չէր էլ լինի նոր տեսութեան յոյսը վառ .

Ուրիշները երգ – նւագով ուրախութիւն են անում ,
Իսկ մեզ համար սիրոյ վիշտն է յոյզ ու հաճոյք անսպառ .

Բարեպաշտ յոյս է կապել դրախտային վայելքին .
Գինետունը թէ դրախտ է եւ թէ վայելք` մեզ համար .

Գինի խմիր սազի ձայնով եւ եթէ քեզ մէկն ասի`
Մի` արբենար… դու էլ ասա` Ողորմած է Տէրն արդար .

Հաֆե’զ , ինչու վշտանում ես անջատումից… անջատման
Յաջորդում է նոր հանդիպում , իսկ խաւարին` լոյս պայծառ :
Թարգմ. Աշոտ Մինասեան
Home